Ստանիսլավ Տարասով. «Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը հարցականի տակ է»: Մեծ Մերձավոր Արեւելքում քրդական հարցը դառնում է գլխավորը

Սեպտեմբերի 25-ին նախատեսված Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի նախաշեմին այդ՝ դեռեւս ինքնավարություն համարվող, մարզի մայրաքաղաքը դարձել է Մերձավոր Արեւելքի «քաղաքական» Մեքքան. Էրբիլ են այցելում բազմաթիվ արտասահմանյան պատվիրակություններ, որոնք տեղական ղեկավարության հետ քննարկում են իրավիճակի զարգացումը ոչ միայն Իրաքում, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանում: Իսկապես, հիմա այնտեղ ծավալվող իրադարձությունները, ծավալով եւ նշանակությամբ կարող են քողարկել նույնիսկ ԻԼԻՊ-ի (կազմակերպություն, որի գործունեությունն արգելված է ՌԴ-ում) դեմ պայքարը, որովհետեւ Լիբիայից հետո եւս մեկ արաբական պետության փլուզման գործոնը անխուսափելիորեն կհանգեցնի ուժային նոր կենտրոնների ձեւավորմանը, որոնք հազիվ թե կարողանան հետագայում համագործակցել միմյանց հետ:

Բացի դրանից, չմոռանանք, որ Մերձավոր Արեւելքի գրեթե բոլոր երկրներն արհեստականորեն ստեղծվեցին, դեռեւս գաղութատիրության դարաշրջանում: Հետեւաբար, անկախ Քուրդիստանի առաջացումը կարող է դոմինոյի էֆեկտ պատճառել եւ փլուզել ներկայիս աշխարհաքաղաքական ողջ կառուցվածքը: Դա սկզբունքորեն ոչ ոք չի վիճարկում, հարցերը մանրամասնությունների մեջ են: Պետություններից, այսպես կոչված, քրդական արեալի`Թուրքիա, Իրան եւ Սիրիա, միայն Իրաքում քրդերն ունեն լիարժեք պետականության հատկանիշներով իրական ինքնավարություն: Այնտեղ նրանք կարող են հասնել իրենց հիմնական պատմական նպատակին, որից վաղ թե ուշ սկսվելու է «Մեծ Քրդստան» ծրագիրը:

Միեւնույն ժամանակ, չի կարելի բացառել, որ Սիրիայում քրդերը կկարողանան ինքնավարություն ձեռք բերել: Իրաքից հետո դա կխթանի քրդերի կարգավիճակի փոփոխությունները Թուրքիայում եւ Իրանում: Այսպիսով ավարտվում է իրադարձությունների զարմանալի եւ պարադոքսալ շղթան, որը սկսվեց 2011 թվականին «Արաբական գարուն»-ից, արմատական իսլամի ուժեղացումից եւ ԻԼԻՊ-ի (կազմակերպություն, որի գործունեությունն արգելված է ՌԴ-ում) առաջացումից, խալիֆատի ստեղծման նախագծից, քաղաքական բեմահարթակ Քրդստանի նախագծի մուտքից. դրա հետ մեկտեղ Թուրքիայում, Սիրիայում եւ Իրանում քրդական պետական կազմավորումների պոտենցիալ առաջացումով: Այսինքն, եթե այժմ գործ ունենք մի քանի թուրքալեզու պետությունների` Թուրքիայի, Հյուսիսային Կիպրոսի, Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի որոշ պետությունների գոյության հետ, ապա ապագայում կարող են հայտնվել եւ մի քանի քրդական երկրներ:

Եվ, հնարավոր է, նույնիսկ երկու Հայաստան Անդրկովկասում եւ եւս մեկը Մերձավոր Արեւելքում: Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ «թույլ չի տա տարածաշրջանում երկրորդ հայկական պետության ստեղծումը», իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում է, որ «թույլ չի տա Սիրիայում եւս մեկ քրդական պետության առաջացումը»: Միեւնույն ժամանակ, Ալիեւը, ավանդաբար վկայակոչելով անանուն աղբյուրները, ընդգծել է, որ «նրա վրա ճնշում է գործադրվում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցում», իսկ Էրդողանն իր ելույթներում արդեն վաղուց է շրջանառության մեջ դրել «երկրի փլուզում» արտահայտությունը:

«Անկարան, որը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների աջակցության կարիքն ունի, գտնվելով Քրդստանի Աշխատավորական կուսակցության (ՔԱԿ), «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) եւ ԻԼԻՊ-ի (կազմակերպություն , որի գործունեությունն արգելված է ՌԴ-ում) ճնշման ներքո, ականատես է, թե ինչպես որոշ ՆԱՏՕ-ի անդամներ ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցում են այդ շարժմանը», նշում է թուրքական Cumhuriyet-ը:

Այդ նույն հրատարակությունը, մեջբերելով մի շարք թուրքական հեղինակավոր փորձագետների, կանխատեսում է, որ «Մերձավոր Արեւելք կոչվող տարածաշրջանը փաստորեն արդեն ծնել է անկախ քրդական պետություն», եւ պետք է խոսել 1920 թվականի Սեւրի պայմանագրի մասին, որը նախատեսում էր Մեծ Հայկական պետության ստեղծումը եւ «միայն հնարավոր էր համարում Թուրքիայից անկախ քրդական պետության ձեւավորումը»:

Ավելին, Cumhuriyet-ը գտնում է, որ «Անկարան երկարաժամկետ հեռանկարում այլընտրանք չունի, քան ճանաչել անկախ Քրդստան-ը, դուրս գալ Հայկական հարցի լուծմանը, իսկ Ադրբեջանը գնա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը»:

Թուրքիայի եւ Ադրբեջանի իրավիճակի դրաման կայանում է նրանում, որ նրանց պետականության իրական սպառնալիքները գալիս են ոչ թե հյուսիսից, ոչ թե Ռուսաստանից, այլ հարավից, որտեղ նրանք ավանդաբար դաշնակիցներ էին փնտրում եւ շարունակում են փնտրել:

Առայժմ ամեն ինչ կենտրոնանում է Էրբիլում, ինքնորոշման պլանների իրագործումը սկսելու նրա պատրաստակամության կամ անպատրաստության վրա: Էրբիլի վրա ճնշում է ԱՄՆ-ն, կոչ անելով հետաձգել հանրաքվեն մինչեւ հաջորդ տարվա մարտը, «մինչեւ ԻԼԻՊ-ի (կազմակերպություն, որի գործունեությունն արգելված է ՌԴ-ում) դեմ պայքարի ավարտը»: Բաղդադը չի ուզում տալ ապահարզան, Թուրքիան, որը քրդական ուղղությամբ գրեթե մտնում է Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինք եւ տարածաշրջանի որոշ արաբական պետությունները: Այդ ամենը ստիպում է քրդերին մանեւրել:
Այսպես, Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի ավագ խորհրդականը հայտարարել է, որ «ծրագիրը չի կարող չեղյալ հայտարարվել, եթե քրդերին չտրամադրեն անկախության քվեարկության անցկացման միջազգային երաշխիքներ ապագայում՝ կոնկրետ ժամանակում»: Հաղորդագրության համաձայն, «Բաղդադը, Թեհրանը, Անկարան եւ Վաշինգտոնը պետք է լինեն այդ գործարքի մասնակիցներ, որը պետք է ներառի դրույթ այն մասին, որ համաձայնագիրը ստորագրած կողմերը կճանաչեն հանրաքվեի արդյունքները»:
Ինչպես տեսնում ենք, Մոսկվան այդ ցուցակում չկա, չնայած՝ համաձայն Մոսկվայում կայացած Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների գծով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխաիլ Բոգդանովի եւ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեդատ Օնալի խորհրդակցությունների արդյունքում «Ռուսաստանն ու Թուրքիան հաստատեցին Իրաքի միասնության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության իրենց հանձնառությունը: Նշված է իրաքցիների կողմից ներքին խնդիրների լուծման կարեւորությունը ներառական երկխոսության շրջանակներում, հաշվի առնելով իրաքյան հասարակության բոլոր էթնոկոնֆեսիոնալ խմբերի շահերը»:
Կան այլ կարեւոր նրբություններ եւս: Բարզանիի հետ հարցազրույցում մի քանի օր առաջ Էրբիլ այցելած Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ «Քրդստանի անկախության քվեարկության ժամանակի ընտրությունը Անկարան համարում է ոչ նպատակահարմար»: Թուրքական ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բաղչելին դրանում տեսնում է Անկարայի անուղղակի աջակցությունը «Բարզանիի հանրաքվեի նախապատրաստմանը, ներառյալ Իրաքի մի շարք թուրքմենական քաղաքներում», որը, նրա խոսքերով, «Քրդստանի ստեղծման համար մի փորձ է»:
Միեւնույն ժամանակ, ըստ թուրքական շատ փորձագետների, «նույնիսկ եթե հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը դրական պատասխան տա, դա ինքնաբերաբար չի նշանակում, որ քրդերը կհայտարարեն սեփական պետության ստեղծման մասին»: Իրենց կարծիքով, Էրբիլը, հնարավոր է, ակնկալում է, «աջակցություն ստանալ Բաղդադի հետ ինքնորոշման մասին բանակցություններում, Իրանի ազդեցությունը այնտեղ կրճատելու համար», ինչում օբյեկտիվորեն շահագրգռված է եւ Անկարան: Առայժմ քրդական ինքնավարության ղեկավարը ակտիվորեն ընդունում է օտարերկրյա դիվանագետներին, պարզաբանելով իր դիրքորոշումը եւ փորձելով աջակցություն ստանալ արտասահմանից: Մի խոսքով, բազմաքայլային կոմբինացիաներով մեծ խաղը շարունակվում եւ մոտենում է ինչ-որ միջանկյալ ավարտի:
Ստանիսլավ Տարասով՝
REGNUM լրատվական գործակալության Արեւելյան խմբագրության գլխավոր խմբագիր
26 օգոստոսի 2017 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

five × 2 =