10 տարվա ընդմիջումից Լիբանանի Կառավարության կենտրոնական խորհրդում 43-ամյա հայուհի է նշանակվել

Լիբանանի հայ համայնքը 10 տարվա ընդմիջումից հետո Կառավարությունում ունի կենտրոնական խորհրդի ընդհանուր քննիչ: Երկարատեւ պայքարից հետո այս պաշտոնում նշանակվել է լիբանանահայ, 43-ամյա Հուրի Տեր-Սարգսյանը:

NEWS.am-ին տված հարցազրույցում Հուրի Տեր-Սարգսյանը պատմեց, որ հայկական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ֆրանսիական համալսարան, որտեղ եւ ստացել է իրավաբանի մասնագիտությունն ու դարձել փաստաբան:

«Սակայն որպես փաստաբան երբեք չեմ աշխատել: Եղել եմ Լիբանանի հայ 4 նախարարների խորհրդատու, որից հետո տալով Կառավարության քննությունները՝ դարձել եմ առաջին դասակարգի կառավարական պաշտոնյա ու նշանակվել Կենտրոնական խորհրդում ընդհանուր քննիչ: Այս պաշտոնը նախկինում հայ է զբաղեցրել, սակայն նրա մահից հետո՝ արդեն 10 տարի, հայերի չէին նշանակում: Հայ համայնքի պայքարից հետո ես դարձա ընդհանուր քննիչ»,- նշեց Հուրի Տեր- Սարգսյանը:

Կառավարության այս խորհուրդը վերահսկում է երկրի բոլոր նախարարությունների աշխատակիցներին, որպեսզի ոչ ոք անօրինական քայլեր չանի: Հուրի Տեր-Սարգսյանը նշեց, որ ինքը շարունակում է պահել կապը հայ համայնքի հետ, բոլոր ազգային միջոցառումներին պարտադիր մասնակցում է: Նշենք, որ տարբեր գնահատականներով՝ Լիբանանում բնակվում է մոտ 140-165 հազար հայ: Կառավարությունում պաշտոններ զբաղեցնող հայերի թիվը շատ քիչ է: Կառավարության կազմում կա երկու հայ նախարար. տուրիզմի նախարար է նշանակվել Ավետիս Գիդանյանը, իսկ կանանց հարցերով նախարար՝ Ժան Օղասաբյանը:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

1 × five =