Խորհրդարանի Նախագահ Ա. Տեր-Սարգսյանի զեկույցը 3-րդ նստաշրջանում

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

Արմեն ՏերՍարգսյանի զեկույցը Խորհրդարանի 3-րդ նստաշրջանում

 

Հարգելի գործընկերներ.

Հիշեցնենք, որ 2014 թ. հունվարի 18-21-ը Փարիզում տեղի ունեցավ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 1-ին նստաշրջանը, որը հաստատեց ընտրված 64 պատգամավորների լիազորությունները, ընտրեց Խորհրդարանի նախագահ, հաստատեց Մշտական հանձնաժողովների ղեկավարներին եւ ծրագրերը:

Այսպիսով այն գործընթացը, որն սկսվել էր 2004 թ. ամբողջացվեց 2014-ին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցների ձեւավորմամբ:

Այդ թվում, մինչեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների հաստատումը Բնօրրան Հայրենիքում, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) ընտրեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ: Այդ պատվին արժանացավ Արմենակ Աբրահամյանը, ում առաջարկով Խորհրդարանը հաստատեց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանին: Հետագայում, համաձայն Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի մասին օրենքի, վարչապետի առաջարկությամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հաստատվեց կառավարության կազմը` նշանակվեցին նախարարներ:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ նստաշրջանը տեղի ունեցավ Երեւանում՝ 2014 թ. հոկտեմբերի 17-20-ը, որտեղ ընդունվեցին Արեւմտյան Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող օրենքներ, քննարկվեցին եւ հաստատվեցին հայությանը վերաբերվող միջազգային նշանակության ռազմավարական ծրագրեր եւ ուղղություններ:

 

2-րդ նստաշրջանից հետո ընկած ժամանակահատվածում Խորհրդարանը շարունակել է իր արդյունավետ աշխատանքը:

Մասնավորապես պատգամավորների քննությանն են ներկայացվել հետեւյալ օրենքների նախագծերը՝

-Օրենք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Մշակույթի մասին,

-Օրենք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Զինանշանի մասին,

-Օրենք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Լեզվի մասին:

Հաշվի են առնվել պատգամավորների կողմից արված բոլոր դիտողություններն ու լրացումները, որից հետո օրենքները ընդունվել են:

 Այժմ դրանք առաջարկում ենք հաստատել նստաշրջանի կողմից:

 

Համաձայն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի 10 ոգոստոս 2014 թ. հրամանագրի ստեղծվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի մշակման հանձնաժողով եւ այս ուղղությամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի ղեկավարությամբ իրականացվել է մեծ ծավալի աշխատանք:

Այսօր առաջին ընթերցմամբ նստաշրջանի հաստատմանն է ներկայացվում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմնական դրույթներն ու նախագիծը:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի հարցով ավելի ընդարձակ զեկույցով հանդես կգա Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանը:

 3.

 2015 թ. միջազգային կապերի հաստատման, համաժողովների մասնակցության, կազմակերպման ու անցկացման ուղղությամբ իրականացվել են զգալի արդյունավետ աշխատանքներ:

Նշենք դրանք.

 2015 թ. հունվարին Սիրիայի հարցով Ժնեւ 2-ի «Մոսկովյան հարթակում», որտեղ մասնակցում էին՝ մի կողմից Սիրիայի կառավարության, մյուս կողմից՝ «Փափուկ ընդդիմության» պատվիրակները, ակտիվ մասնակցություն ունեցավ մեր ներկայացուցիչը Սիրիայից: Այս հարթակում նա առաջին անգամ բարձրացրեց Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում Սիրիայի քրիստոնյաների՝ հայերի ու ասորիների, ինչպես նաեւ այլ բնիկ ժողովուրդների դերն ու նշանակությունը:

Մոսկովյան հարթակի աշխատանքների արդյունքների մասին քննարկում տեղի ունեցավ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների հետ, ինչպես նաեւ Մամլո ասուլիս ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների, վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ կրկին ներկայացվեցին Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցում վերոնշյալ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների ներգրավման կարեւորությունն ու նշանակությունը, ինչը բարձր գնահատվեց եւ ընդունվեց փորձագետների ու վերլուծաբանների կողմից:

2015 թ. մարտ-ապրիլ ամիսներին Խորհրդարանի պատգամավորները մասնակցեցին Ֆրանսիայում՝ Փարիզում եւ Մարսելում, Շվեյցարիայում՝ Ժնեւում եւ Լոզանում կազմակերպված եւ Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցին, Հայկական հարցի կարգավորմանը, Արեւմտյան Հայաստանի նկատմամբ իրավունքների պաշտպանության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովներին: Վերոնշյալ թեմայով Եվրոպայում համաժողավների շարքը շարունակվեց մինչեւ 2015 թ. դեկտեմբեր ամիսը, որոնց ակտիվ մասնակցեցին Խորհրդարանի պատգամավորները:

 2015 թ. ընթացքում՝ մարտ ամսից սկսած, Խորհրդարանի պատգամավորները մասնակցեցին եւ ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների հանձնաժողովի եւ Ինտելեկտուալ սեփականության իրավունքների հարցերով նստաշրջաններին:

2015 թ. ապրիլի 23-30-ը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների ներկայացուցիչները՝ պատգամավորներ եւ նախարար, նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ՝ Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ այցելեցին Հայրենի Բնօրրան, մասնավորապես, Ախթամար կղզի՝ Սրբ Խաչ եկեղեցում մասնակցելով հոգեհանգստի արարողությանը, Վան, Մուշ, Բիթլիս, Սասուն, Տիգրանակերտ, Մարտին քաղաքներ, Սիրիային սահմանամերձ գոտի եւ այլ հայաբնակ տարածքներ: Տեղի ունեցան բազմաթիվ հանդիպումներ հայրենակիցների հետ:

Նշված բոլոր միջոցառումներն ու ծրագրերը կազմակերպվել են ԱՀՀ նախագահի նախաձեռնությամբ եւ իրականացվել ԱՀՀ պետական համակարգի բոլոր ճյուղերի՝ նախագահի ինստիտուտի, խորհրդարանի, կառավարության եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի համատեղ ուժերով: Սա կրկին հաստատում է, որ նշված բոլոր կառույցները Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության հարցերում գործում են համատեղ եւ միասնաբար:

Համահայկական 6-րդ խաղերին մասնակցության հարցով նշենք, որ դրանց առաջին անգամ մասնակցեցին շուրջ 850 պատվիրակներ Արեւմտյան Հայաստանից, որտեղ խաղերի բացման արարողության ժամանակ բացվեց Արեւմտյան Հայաստանի դրոշը, որը կրում էր Խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը: Արեւմտյան Հայաստանի դրոշը ներկա էր խաղերի ամբողջ ընթացքում, ինչպես նաեւ փակման արարողության ժամանակ: Հատկանշական է, որ դրանից մեկ ամիս առաջ Ֆրանսիայի Կան քաղաքում Հայկական մշակույթի օրերի անցկացման արարողությանը ՀՀ նախագահի մասնակցության ժամանակ ԱՀՀ դրոշը կրում էր Խորհրդարանի ամենատարեց պատգամավորը:

Կարեւորում ենք նաեւ Խորհրդարանի պատգամավորների կատարած աշխատանքը Համշենահայերի 1-ին միջազգային համաժողով նախապատրաստելու հարցով, որին մասնակցեցին Ընտանիքի, կանանց եւ առողջության, Մշակույթի, Մամուլի եւ լրատվության, Երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովների պատասխանատուները եւ անդամները՝ «Համշենուհի» համշենահայ կանանց միջազգային կազմակերպության նախագահ՝ պատգամավոր Սաիդա Օհանյանի գլխավորությամբ:

Համաժողովը հնարավորություն է ստեղծում մշակութային, կրթական, դիվանագիտական, միջխորհրդարանական կապերի հաստատման եւ ամրապնդման համար Արեւմտյան Հայաստանի եւ Ռուսաստանի, ՀՀ-ի, Աբխազիայի, Եվրոպայի պատվիրակների միջեւ: Նախատեսված է անցկացնել 2016 թ. գարնանը:

2015 թ. դեկտեմբերին 17-20-ը Արեւմտյան Հայաստանի պետական կառույցների պատվիրակությունը՝ նախագահ, վարչապետ եւ պատգամավորներ, այցելեցին Արցախ աշխարհ, որտեղ տեղի ունեցան հանդիպումներ Արցախի Հանրապետության պետական, հասարակական, քաղաքական ոլորտների պատասխանատուների հետ:

Դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտի Երիտասարդության պալատում տեղի ունեցավ միջոցառում նվիրված «Խնուս» մշակութային հիմնադրամի 10-ամյակին (տնօրեն՝ պատգամավոր Սամվել Մհերյան) եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 11-րդ տարեդարձին: Միջոցառմանը ելույթ ունեցան Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը: Ցուցադրվեց «Տունդարձի ճամփան» ֆիլմը, որը մեծ ուշադրությամբ դիտեց տեղի հանդիսատեսը:

4.

Խորհրդարանը նախկինում միշտ էլ արագ արձագանքել է տարածաշրջանային ռազմա-քաղաքական այն զարգացումներին, որոնք վերաբերել են Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության հարցերին:

Այսօր Մերձավոր Արեւելքում նոր իրավիճակ է, ինչը կանխատեսելով դեռեւս 2015 թ. ապրիլի 25-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը հատուկ ուղերձով դիմել է ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին՝

նշելով, որ

Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ավարտով իրականում սկսվում է հայության իրավունքների պաշտպանության նոր վճռական փուլը,

առաջարկելով, ՄԱԿ-ի հովանու ներքո, իրավական-քաղաքական գործընթաց սկսել ապահովելու համար 1918-1920 թթ. կայացված որոշումների իրականացումը, պաշտպանելու եւ հաստատելու համար Արեւմտյան Հայաստանի հայերի ու քաղաքացիների եւ Արեւմտյան Հայաստանի բնիկների ազատ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հովանու ներքո՝ Բնօրրան Հայրենիքում:

Հաշվի առնելով ներկայի տարածաշրջանային ռազմա-քաղաքական իրողությունները կարեւոր ենք համարում Խորհրդարանի նախագահության եւ պատգամավորական կազմի աշխատանքների ակտիվացումը՝ ի նպաստ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ու հաստատման: Ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի հաստատման եւ ամրապնդման աշխատանքները, նկատի ունենալով՝ Սիրիայի ճգնաժամը քաղաքական միջոցներով կարգավորելու, ինչպես նաեւ ժողովրդական դիվանագիտության ու պաշտպանության լծակները գործարկելու խնդիրները, տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության տարածքներ ստեղծելու նպատակով:

 

Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

27.12.2015 թ.

Please follow and like us: