Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության 6-րդ տարեդարձի կապակցությամբ

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության ստեղծումը ընթացել է երկու փուլով:

1-ին փուլում ընդունվել է Հռչակագիր «Արեւմտյան Հայաստանի Կառավարություն ստեղծելու գործընթացի մասին« (4 փետրվար 2011 թ.), որտեղ մասնավորապես ասված է.

«Արեւմտեան Հայաստանի Հայերու Ազգային Խորհուրդը, արտայայտելով Արեւմտեան Հայաստանի հայոց կամքը ու գիտակցելով իր պատասխանատւութեան խիստ կարեւորութիւնը իր ժողովուրդի հանդէպ, զոր կ’առնչուի անոնց իղձերու իրականացման եւ խեղաթիւրուած արդարութեան վերականգնման գործընթացին, հանդէս կու գայ հրապարակելու հետեւեալ որոշումը՝ Յենուելով միջազգային հետեւեալ հանգամանքներու վրայ.

ա) ՄԱԿ-ի մարդու իրաւանց համընդհանուր սկզբունքներուն

բ) միջազգային իրաւունքի հանրածանօթ չափանիշներուն

գ) Արեւմտեան Հայաստանի հայերու ինքնորոշման իրաւունքի կիրառման անհրաժեշտութեան, որ պահանջուած է Ազգային Խորհուրդի կողմէ 2004 թ. դեկտեմբեր 17-ին

Կը հռչակէ

Աշխարհասփիւռ հայութեան լիիրաւ պետական կառոյցի մը ստեղծումը, այսինքն՝ Արեւմտեան Հայաստանի վտարանդի կառավարութեան կազմութեան սկիզբը»:

2011 թ. ապրիլի 7-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդի Նախագահի հրամանագրով Տիգրան Փաշաբեզյանը նշանակվում է վարչապետ ու ձեռնարկում կառավարության ձեւավորման գործընթաց: Արեւմտյան Հայաստանի կառավարությունը սկզբում կոչվել է Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն, իսկ 2014 թ. օգոստոսի 10-ից այն վերանվանվել է որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Կառավարություն:

Վերոնշյալ Հռչակագիրը հիմված է երկու այլ կարեւոր փաստաթղթերի վրա՝ «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի մասին» Հռչակագրի (17 դեկտեմբեր 2004 թ.) եւ «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների մասին» Հռչակագրի (20 հունվար 2007 թ.):

2004-ին ընդունված Հռչակագրի 2-րդ հոդվածում նշված է.

«Արեւմտեան Հայաստանի (Հայրենիք) երաշխաւորը իր ժողովուրդն է՝ այսօր տարագիր, որ իր իշխանութիւնը պիտի կիրառէ ուղղակիօրէն, ինչպէս նաեւ իր ներկայացուցիչներուն միջոցով՝ հիմնուելով Սահմանադրութեան եւ օրէնքներուն վրայ: Յանուն Արեւմտեան Հայաստանի (Հայրենիք) արտայայտուելու իրաւունքը Ազգային Խորհուրդի բացառիկ իրաւունքն է»:

2007-ին ընդունված Հռչակագրում 3-րդ հոդվածում նշված է.

«Արեւմտյան Հայաստանի հայերը իրենց իրենց տնօրինելու իրավունք ունեն: Այս իրավունքի շնորհիվ նրանք ազատօրեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ ապահովում իրենց տնտեսական, ընկերային եւ մշակութային զարգացումը»:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության ձեւավորման 2-րդ փուլը սկսվում է 2014 թ. հունվարի 18-20-ին, երբ 2013-ի դեկտեմբերի 1-ին ավարտվում են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ընտրությունները ըստ՝ «Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւավորման մասին» Հռչակագրի (25 մայիս 2013 թ.):

Պատգամավորների լիազորությունները հաստատվում են 2014-ի հունվարի 18-ին՝ առաջին նստաշրջանի ժամանակ, որտեղ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ է ընտրվում Արմեն Տեր-Սարգսյանը:

2014-ի հունվարի 20-ին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվում Արմենակ Աբրահամյանը:

Նույն օրը՝ 2014-ի հունվարի 20-ին, ԱՀՀ Նախագահ Արմենակ Աբրահամյանի առաջարկությամբ որպես Արեւմտյան Հայաստանի Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյան թեկնածությունը քննարկում եւ հաստատում է Խորհրդարանը, որից հետո Վարչապետի նշանակումը հրամանագրով հաստատում է ԱՀՀ Նախագահը:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության ստեղծումը ինքնանպատակ գործողություն չէ, այն թելադրված է Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները լավագուն ձեւով պաշտպանելու ու իրականացնելու հայեցակարգով ու ռազմավարությամբ:

Հավատում ենք, որ ներդրված ահռելի ջանքերն ու գործողությունները անպայման ցանկալի արդյունք են գրանցելու, ուստի Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության 6-րդ տարեդարձի կապակցությամբ սրտանց շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերներին, ընկերներին ու համակիրներին, բոլոր հայրենակիցներին ու մաղթում նոր ուժ ու եռանդ մեր իրավունքների պաշտպանության ու հաստատման գործում:

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

 04.02.2017 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

1 + 7 =