Հունաստանը Թուրքիային կոչ է արել պահպանել Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանի կարգավիճակը

Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը կարող է հանգեցնել ամբողջ աշխարհի քրիստոնյաների եւ Թուրքիայի պառակտման, Հունաստանը հուսով է, որ Թուրքիայի ղեկավարությունը սա հաշվի կառնի եւ կպահպանի մշակույթի այս հուշարձանի նախկին կարգավիճակը, ճեպազրույցում ասել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թուրքիայի Գերագույն վարչական դատարանը հինգշաբթի քննարկել է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու եւ այն մզկիթի վերածելու հարցը: Պետխորհրդի կարծիքով՝ տաճարի կարգավիճակը փոխելու համար բավարար է նախագահի հրամանը, հայտնել է հունական ERT հեռուստատեսությունը: Որոշումը հրապարակվելու է 15 օրվա ընթացքում:

Ճեպազրույցի ժամանակ լրագրողները Պետսասին հարցրել են՝ դատարանի որոշումից հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի համար ավելի դժվա՞ր կլինի տաճարը մզկիթի վերածել:

«Մենք այս թեմայով շատ ենք արտահայտվել: Սա հունա-թուրքական հարաբերությունների թեմա չէ, սա համաշխարհային հարց է: Այա Սոֆիան համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձան է»,- ասել է Պետսասը:

«Անչափ դրական է, որ վերջին շրջանում մեծ թվով երկրներ,- իսկ գագաթնակետը երեկ ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունն էր,- Թուրքիային կոչ են արել չկատարել քայլ, որը ահռելի հոգեւոր անդունդ կստեղծի ամբողջ աշխարհի քրիստոնյաների եւ Թուրքիայի միջեւ: Մենք հուսով ենք, որ Թուրքիայի ղեկավարությունը սրան լրջորեն ուշադրություն կդարձնի, եւ սպասում ենք նրա գործողություններին»,- ասել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը:

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.

thirteen − 4 =