Ղրիմում բացվել է Խորհրդային Միության Հերոս, գեներալ-լեյտենանտ Աշոտ Ամատունու արձանը

Սիմֆերոպոլում բացվել է Խորհրդային Միության Հերոս, գեներալ-լեյտենանտ Աշոտ Ամատունու արձանը : Բացման արարողությանը մասնակցել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Արձանը տեղադրվել է քաղաքի դպրոցներից մեկի տարածքում հայ համայնքի միջոցներով:

«Աշոտ Հապետովիչը շատ բարի, ուժեղ եւ արի մարդ էր: Նման մարդկանց հետ պետք է համեմատվել, հպարտանալու տեղիք ունենք»,-ասել է Ակսենովը:

Նրա խոսքով՝ հանրապետությունում շարունակվում է հերոսներին անմահացնելու պրակտիկան:

Իր հերթին, Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը խորհրդանշական է անվանել այն, որ այլ երկրներում հուշարձանները ապամոնտաժում են, իսկ Ղրիմում՝ տեղադրում:

Աշոտ Հապետի Ամատունին սովետական սպա էր, գեներալ-լեյտենանտ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ԽՍՀՄ Հերոս: Ծնվել է 1923 թվականի դեկտեմբերի 23-ին Ալեքսանդրապոլիսում:

Մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 9-ին Սիմֆերոպոլում:

Ամատունին Ղրիմում ապրող վերջին Խորհրդային Միության Հերոսն էր: Նրա անունով է անվանվել քաղաքային դպրոցներից մեկը:

Please follow and like us: