Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Սերգեյ Լավրովին. անհնար են զիջումներ Արցախի անվտանգության հաշվին

ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Հիշեցնենք, որ Լավրովը հայտարարել է, որ բանակցային սեղանին առկա է փուլային կարգավորման եւ տարածքների հարցի քննարկման մասին փաստաթուղթ:

Ապրիլի 21-ին ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով այդ հայտարարությանը՝ Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ ծանոթ է իր ռուս գործընկերոջ հայտարարությանը: Նրա խոսքով՝ երկու տարվա ընթացքում երկրի կառավարությունը, վարչապետն առավել քան թափանցիկ են գործել: Նա հիշեցրեց, որ փուլային տարբերակը քննարկվել է 2014 եւ 2016 թվականներին, եւ այն անընդունելի է հայկական կողմի համար:

«2018 թվականին բանակցություններ են անցկացվել տարբեր տարրերի հարցով կողմերի մոտեցումների շուրջ: 2014 թվականին առաջարկված տարբերակը չի գտնվում բանակցությունների սեղանին: Մենք կոնկրետ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, խոսել ենք Արցախի ժողովրդի անվտանգության մասին: Ինչ վերաբերում է տարածքներին, ապա հայկական կողմը նույնիսկ չի կարող քննարկել այդ հարցը՝ սպառնալիքի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը: Զիջումներ չեն կարող լինել: Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների ճանապարհով: Միակողմանի զիջումներ չեն լինի»,-ասաց նախարարը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը մասնակցում է բանակցություններին եւ պատասխանատվություն է կրում, սակայն մանդատ չունի Արցախի ժողովրդից: «Վերջերս Արցախում ընտրություններ անցկացվեցին: Վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները սերտորեն համագործակցում են Արցախի իշխանությունների հետ, աշխատանքը կշարունակվի նաեւ նոր իշխանությունների հետ»,-նշեց Մնացականյանը:

Նա հավելեց, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

«Հայկական կողմը վճռականորեն կպաշտպանի Արցախի անվտանգությունը: Միայն խաղաղ ճանապարհով հնարավոր կլինի լուծել խնդիրը: Երեկ տեսահամաժողով անցկացվեց համանախագահների հետ: Այսօր ծրագրվում է տեսահամաժողով բոլոր կողմերի հետ: Մեր խնդիրն է բացառել ռիսկերը»,-եզրափակեց ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

sixteen + 11 =