Մշակույթը, գիտությունը, կրթությունը, հայոց լեզուն եւ հոգեւոր ժառանգությունը պետության պաշտպանության տակ են — Գեւորգ Դանիելյան

2014թ․ սահմանադրական փոփոխություններից հետո առնվազն 5 արժեքներ, ինչպիսին են մշակույթը, գիտությունը, կրթությունը, հայոց լեզուն եւ հոգեւոր ժառանգությունը, պետության պաշտպանության տակ են։ Նշված արժեքներին հակասող որեւէ նորմ չի կարող ընդունվել օրենքներով կամ այլ նորմատիվ ակտերով, քանի որ կհակասի Սահմանադրությանը։ Այս մասին «Պետականություն եւ արժեքների համակարգ։ Մարտահրավերներ եւ խնդիրներ» համաժողովում նոյեմբերի 28-ին հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը։

Նրա խոսքերով, ըստ Սահմանադրության, հոգեւոր արժեքների պաշտպանությամբ զբաղվում է ոչ միայն պետությունը, այլեւ Հայ առաքելական եկեղեցին, որը հատուկ կարգավիճակ ունի։

«Ինչ վերաբերում է ընտանիքին, ապա այն հասարակության հիմքն է, եւ հենց այս սկզբունքի ու Ստամբուլյան բանաձեւի հակասությունն է Բուլղարիայի սահմանադրության հետ դարձել բանաձեւից հրաժարվելու պատճառը»,- նշեց նա։

Դանիելյանը համարում է, որ Ստամբուլյան բանձեւը հակասության մեջ է նաեւ ՀՀ Սահմանադրության հետ։

Նրա խոսքերով, երբ մենք այս կամ այն արտոնությունն ենք տալիս որոշակի միավորումների կամ ընտանիքների, մենք խտրականության ենք ենթարկում նրանց, բացի այդ՝ դա նաեւ հակասում է Սահմանադրությանը, քանի որ միայն մայրերն ու երեխաներն ունեն հասարակության մեջ արտոնյալ կարգավիճակ։

«Միջազգային վիճակագության համաձայն, հոմոսեքսուալ ընտանիքների երեխաները մյուսներից ավելի շատ են ենթակա ոչ լիարժեք զարգացման։ Հավանաբար, պատճառն այն է, որ շատ երկրներ, այդ թվում՝ տնտեսապես զարգացած, ինչպիսին է Իտալիան, հրաժարվում են այդ ինստիտուտից՝ ճանաչելով այն հակասահմանադրական»,- հավելեց նա։

Դանիելյանը նկատեց, որ միջազգային նորմերի եւ ինստիտուտների ցանկացած կույր կրկնօրինակումը միշտ հղի է հետեւանքներով։

Նշենք, որ Երեւանում նոյեմբերի 28-ին անցկացվում է «Պետականություն եւ արժեքների համակարգ։ Մարտահրավերներ եւ խնդիրներ» համաժողովը։

News.am

Please follow and like us: