Համահայկական 7-րդ խաղերի փակման արարողությունը

Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ Համահայկական 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ այլ պաշտոնյաներ (ֆոտոռեպորտաժ)։

Խաղերի դրոշը իջեցրին օլիմպիական չեմպիոններ Հրաչյա Պետիկյանն ու Իսրայել Միլիտոյսանը: Մարվեց Խաղերի ջահը, որը խորհրդանշում էր Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնությունը:

«15 օր շարունակ Արցախի եւ Հայաստանի տարբեր քաղաքներում տեղի ունեցան 17 մարզաձեւերի մրցումներ: Խաղարկվեց 105 մեդալ: Լավագույն արդյունքը ցույց տվեց Երեւանի հավաքականը, մեդալների քանակով առաջին տեղում Գլենդելի հավաքականն է: Բարձր արդյունքներով եւ մեդալների քանակով փայլեց նաեւ Ռուսաստանի հավաքականը: Խաղերը սպասարկեցին 407 մրցավարներ: Սրանք փայլուն ցուցանիշներ, որոնք պատիվ կբերեն յուրաքանչյուր մարզական փառատոնին: Ինչ-ինչ խնդիրների համար ներողություն եմ խնդրում մասնակիցներից»,- ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

Համահայկական խաղերի գեղեցկուհի անվանակարգում հաղթող ճանաչվեց Ռուսաստանի հավաքականից վոլեյբոլիստուհի Աննա Թունյանը: Խաղերի լավագույն պատվիրակություն անվանակարգում մրցանակ ստացավ Ռուսաստանի հավաքականը, արդարացի խաղ անվանակարգում հաղթողը Հալեպի թիմն էր: Խաղերի հայտնությունը Դուբայի թիմն էր, ամենակարգապահ ու մարզական ոգի ունեցող պատվիրակությունը Վիեննան էր: Խաղերի լավագույն քաղաք անվանակարգում մրցանակներ հանձնվեց միանգամից երկու քաղաքի՝ Հայաստանի Էջմիածնին եւ Ավստրալիայի Սիդնեյին: Բոլոր անվանակարգերում մրցանակները հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն էլ Խաղերը հայտարարեց փակված։

Դրոշի իջեցումից եւ կրակը մարելուց հետո վարչապետը պաշտոնյաների եւ Իշխան Զաքարյանի հետ հեռացավ Ազատության հրապարակից: Փակման արարողությունը շարունակվեց համերգային ծրագրով: Ընդհանուր փակման արարողության պաշտոնական հատվածը տեւեց մեկ ժամ:

Ի դեպ, Խաղերի փակման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին քիչ թվով մանակիցները: Ազատության հրապարակը կիսով չափ էր լցված: Հիշեցնենք, որ Համահայկական 7-րդ խաղերին մասնակցում էին 35 երկրների 161 քաղաքների շուրջ 5300 մարզիկ:

Թիմերի մեծ մասը ժամանակից շուտ էր հեռացել Հայաստանից, մի քանիսը նույնիսկ հրաժարվել էր ներկայանալ վերջին խաղերին: Օրինակ՝ օգոստոսի 17-ին բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի բրոնզե մեդալի համար պայքարին Ֆրեզնոյի թիմը չէր ներկայացել: Թիմը ժամանակից շուտ գնել էր տոմսերը եւ հեռացել Հայաստանից: Փակման արարողությունը շքեղությամբ չփայլեց եւ զիջեց Ստեփանակերտում օգոստոսի 6-ին տեղի ունեցած բացման արարողությանը: Ազատության հրապարակում հավաքվածներին ոչինչ տեսանելի չէր բեմի մոտ տեղադրված պաշտոնյաների նստարաններից եւ առջեւում տեղադրված դրոշակներից այն կողմ: Համերգային ծրագրից հետո տեղի ունեցավ հրավառութուն:

Լուսինե Շահբազյան

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

2 × three =