Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Թուրքիայի նախագահի հասցրած վիրավորանքը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Հայոց ցեղասպանության զոհերի և այն վերապրածների հիշատակին և արժանապատվությանը Թուրքիայի նախագահի հասցրած վիրավորանքը և առավել վճռական քայլեր ձեռնարկել՝ ժողովուրդներին ցեղասպանությունից պաշտպանելու պետությունների պատասխանատվության ամրապնդման, անպատժելիության դեմ պայքարի և նմանօրինակ հանցագործությունների, այդ թվում՝ դրանց հրահրման կանխարգելման ուղղությամբ: Այս մասին նշված է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր անկյուններում հայերը` հայ ժողովրդի և մարդկության բարեկամների հետ միասին ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Բազմաթիվ ժողովուրդներ, համայնքներ և հասարակություններ միացան այս ոգեկոչմանն ամբողջ աշխարհում: Մենք երախտապարտ ենք նրանց բոլորին՝ աշխարհի տարբեր երկրների առաջնորդներին, խորհրդարանականներին, բարերարներին, գիտնականներին, լրագրողներին և մարդու իրավունքների պաշտպաններին` Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի օրը հայ ժողովրդի կողքին կանգնելու համար:

Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է կառչած մնալ ժխտողականության խորշելի քաղաքականությանը՝ ցուցաբերելով Ցեղասպանության զոհերի արժանապատվությանն ու հիշատակի հանդեպ վիրավորանք և անցյալի հետ առերեսվելու անկարողություն, ինչը  կրկին արտացոլվեց Թուրքիայի նախագահի՝ այս տարվա ապրիլի 24-ի ուղերձում: Ցեղասպանության զոհերի անվանարկումը՝ որպես «հայկական հրոսակախմբերի և նրանց կողմնակիցների» առավել վիրավորական է և ցավալի: Օսմանյան կայսրության կողմից «վերաբնակեցման» քողի տակ ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության արդարացումը և ապա  դրա՝ որպես «առավել ողջամիտ գործողություն» որակումն առանձնապես ցնցող է, սակայն միևնույն ժամանակ այն վկայում է Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդին՝ որպես ազգային, էթնիկ և կրոնական խմբին ամբողջովին կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրության մասին՝ համաձայն Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին Կոնվենցիայի սահմանման:

Ավելին, Թուրքիան հետևողականորեն փորձում է նաև կրոնական երանգ  հաղորդել իր ժխտողականությանը, ինչն առավել քան զազրելի է: Աշխարհում ոչ մի կրոն չի կարող արդարացնել ցեղասպանություն իրականացրած հանցագործներին և նրանց աջակիցներին: Հայոց ցեղասպանության պատմությունը, որում բազում են իսլամական համայնքների ներկայացուցիչների՝ ներառյալ կրոնական առաջնորդների կողմից զոհերի փրկության դեպքերը, ինչպես նաև Հայո ցեղասպանության միջազգային լայն ճանաչումը և դատապարտումը դրա օրինակն է:

Ինչպես 1915 թ., այնպես էլ ավելի քան մեկ դար անց, Թուրքիայի ղեկավարությունը  շարունակում է բացահայտորեն մարտահրավեր նետել միջազգային հանրային կարծիքին և պատմական իրականությանը: Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտողականության և արդարացման քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան առավել ծանր հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարի,  հաշվետվողականության, հաշտեցման և ցեղասպանության կանխարգելման ջանքերի դեմ ուղղված գործողություն: Այն խոչընդոտում է միջազգային հանրության կարևոր ջանքերը` կանխելու այնպիսի իրավիճակներ, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության հանցագործությանը:

Այս գործողություններն ու քաղաքականությունն ատելություն և առավել ծանր  հանցագործություններ խթանող ակնհայտ քայլեր են, դրանք ի ցույց են դնում ժողովուրդներին ցեղասպանությունից պաշտպանելու Թուրքիայի կառավարության անկարողությունը և պատասխանատվության ձախողումը, և սպառնալիք են հանդիսանում միջազգային և տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը:

Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Հայոց ցեղասպանության զոհերի և այն վերապրածների հիշատակին և արժանապատվությանն ուղղված վիրավորանքը և առավել վճռական քայլեր ձեռնարկել՝ ժողովուրդներին ցեղասպանությունից պաշտպանելու պետությունների պատասխանատվության ամրապնդման, անպատժելիության դեմ պայքարի և նմանօրինակ հանցագործությունների, այդ թվում՝ դրանց հրահրման կանխարգելման ուղղությամբ: Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումը և արժանապատվության հարգումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ամենակարևոր գործիքներն են»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նշված է հայտարարության մեջ։

Թողնել պատասխան

Your email address will not be published.

five + 2 =